Լևոն Արամյանը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտ է:
Իր կյանքում և կարիերայում շրջադարձային է համարում մասնագիտության ընտրությունը և Հայաստանում գիտական կարիերան շարունակելու որոշումը:
Թե ինչպես եղավ, որ ընտրեց գիտությունը, բացատրում է այսպես՝ Ես մանկուց բնավորության մի գիծ ունեմ` չեմ սիրում զբաղվել մի բանով ինչն անընդհատ նմանատիպ գործողություններ է պահանջում, միշտ նորություններ եմ փնտրում: Գիտությունն էլ հենց այն բնագավառն է, որտեղ մարդը սահմանափակված չէ նմանատիպ գործողություններով և մարդու միտքն ազատ է գիտական տարբեր խնդիրների լուծման ուղիներ փնտրելու համար: Մի քանի բառով կարելի է ասել, որ գիտությունը, մանավանդ աստղագիտությունն այն բնագավառն է, որ ես երբեք չեմ ձանձրանում և վայելում եմ աշխատանքս:
Ասույթներից առանձնացնում է՝ «Պետք է մտածել և գործել միմիայն ազդեցության գոտում», որովհետև դրանով հնարավոր է մեծացնել ազդեցության սահմանները, իսկ ազդեցության սահմաններից դուրս ցանկացած գործունեություն դատապարտված է ձախողման:
Աշխատանքների հիմնական թեման զանգվածեղ աստղերի էվոլյուցիայի վերջին փուլ համարվող գերնոր աստղերի հատկությունների անուղղակի ուսումնասիրությունն է դրանց մայր գալակտիկաների հատկությունների հետազոտության միջոցով: Սակայն Իտալիայում գիտական ստաժավորում անցնելու ընթացքում աշխատել է նաև գերնորերի հետազոտման վրա` ուղղակի մեթոդներով։ Չնայած դեռ ասպիրանտուրայի առաջին տարին է անցկացնում, սակայն ունի տպագրած 2 և տպագրության հանձնած 1 աշխատանք (բոլորն էլ կատարվել են 8 և ավել անդամներ պարունակող խմբերով): Մասնակցել է երիտասարդ աստղագետների միջազգային դպրոցների, ինչպես նաև՝ Միջազգային աստղագիտական միության №281 սիմպոզիումին և Հունգարիայում կայացած երիտասարդ աստղագետների միջազգային գիտաժողովին: «Դեռ նոր եմ սկսել առաջին քայլերս գիտական կարիերայում, դրա համար դեռ վաղ է խոսել իմ գիտական աշխատանքների ստացած արձագանքների մասին, բայց կնշեմ, որ աշխատում եմ այնպիսի խմբում, որը Բյուրականի աստղադիտարանում ունի ամենաշատ հղումները»:
Տպագրած աշխատանքներից կարելի է եզրակացնել, որ բոլոր հետազոտություններն իրականացնում են միջազգային համագործակցության շրջանակներում` իտալացի ֆրանսիացի և այլազգի գիտնականների հետ: «Դա անշուշտ անչափ օգտակար է հատկապես երիտասարդներիս համար, որովհետև այդպես ավելի արագ մասնագիտական աճ կգրանցենք: Հայ աստղագետների համագործակցություն ասվածը ճոխություն է մեզ համար. չեք գտնի 4 գիտությունների թեկնածուներից բաղկացած գիտական խմբեր: Վստահ եմ, որ համագործակցության դեպքում, անշուշտ, աշխատանքների որակն ու արդյունավետությունն ավելի մեծ կլինի»:
Մրցանակներ և դրամաշնրհների հետ կապված՝ մինչ այժմ 3 անգամ եղել է Արթուր Հակոբյանի ղեկավարած ANSEF-ի դրամաշնորհների շահառու, ինչպես նաև Գիտության պետական կոմիտեի Հայ-ֆրանսիական համագործակցության դրամաշնորհի շահառու՝ Արտաշես Պետրոսյանի ղեկավարությամբ:
Գիտության թերֆինանսավորման հետ կապված՝ համարում է, որ բոլոր պատճառներն էլ՝ և՛ հասարակության կողմից գիտությունը չկարևորելը, և՛ արժեհամակարգի խեղումը, և՛ անկախության տարիներին համապատասխան պետական օղակների վատ աշխատանքն իրենց ներդրումն են ունեցել: Սակայն գտնում է, որ հասարակության կողմից վերաբերմունքը դեպի գիտությունը թերֆինանսավորման մեջ շատ մեծ դեր է խաղում, իսկ կառավարությունն անընդհատ պատերազմական երկիր լինելն է շահարկում: Մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ այժմ Հայաստանում կադրային լուրջ խնդիրներ կան, իսկ ավագ սերունդը շատ ժամանակ խոչնդոտում է սերնդափոխության կայացմանը: Չունենք բավական միջին սերնդի ներկայացուցիչներ, ովքեր որ պետք է հիմնականում աշխատեն երիտասարդների հետ և նրանց պոտենցիալը կարողանան առավելագույնս բացահայտել. «Կցանկանայի, որ, հնարավորության դեպքում, ֆինանսավորման մեխը դրվեր հենց միջին սերնդին համապատասխան պայմաններով ապահովելու վրա»:
Տարատեսակ մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին շատ դրական է վերաբերվում, սակայն կարծում է, որ՝ մի քանի մրցանակով գիտություն կառուցելը ծիծաղելի է`անհրաժեշտ են նաև հիմնարար մոտեցումներ:
– Մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս, որպես հիմք ընդունել տպագրությունների քանա՞կը, թե՞հղումների թիվը։
– Գիտե՞ք ինչ, վերջին հաշվով մարդու կատարած աշխատանքի արժեքավորությունը երևում է նրանով, թե ինչքան հղումներ են կատարվել այդ աշխատանքի վրա, այլ ոչ թե ինչ ազդեցության գործակից ունեցող ամսագրում է այն տպագրված, չնայած երկրորդն էլ է քիչ թե շատ օբյեկտիվ ցուցանիշ: Գուցե երկու տիպի մրցույթ էլ կարելի է անցկացնել, բայց ես ավելի կողմ եմ հոդվածների հղումների քանակը հաշվի առնելուն:
– Ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ մրցանակաբաշխություններում կիրառվի տպագրությունների ամսագրերի նորմավորված ազդեցության գործակիցը՝ ըստ բնագավառների, այսինքն` ազդեցության գործակիցը բաժանվի տվյալ բնագավառի առավելագույն ԱԳ-ի վրա։
– Կարծում եմ, որ այս մոտեցումը թույլ կտա տարբեր մասնագիտությունների նարկայացուցիչներին քիչ թե շատ մոտեցնել միևնույն հարթակին և ավելի օբյեկտիվ մոտենալ հաղթողի որոշման հարցին։
Թե մրցանակաբաշխություններում ինչ չափորոշիչներ կիրառել տեսաբանների և փորձարարների համար հարցին պատասխանեց.
- Ես կփորձեմ պատասխանել միայն իմ մասնագիտության շրջանակներում: Աստղագիտության բավական մեծ տվյալների բազաներ գոյություն ունեն, որտեղ ներառված են հզոր դիտողական տեխնիկայով ստացված բազմաթիվ տվյալներ: Հնարավոր է նաև դիմել՝ այլ աստղադիտակների վրա դիտողական ժամանակ ստանալու համար: Կարծում եմ, որ ստեղծված իրավիճակում կարելի է պարզապես փորձել գոնե այդ հնարավորությունն օգտագործել, և չեմ կարծում, որ նշված հանգամանքը` նյութական բազայի վատ վիճակը աստղագետների պարագայում տեսաբաններին առանձնահատուկ առավելություն է տալիս:
– Լևոն, ի՞նչ եք կարծում. որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները։ Լուծման ի՞նչ ուղիներ եք տեսնում։
– Երիտասարդ գիտնականների առջև ծառացած ամենակարևոր խնդիրներն են՝ ցածր ֆինանսավորումը, միջին սերնդի գիտնականների պակասը և սերնդափոխությանը խոչընդոտող ավագ սերնդի որոշ ներկայացուցիչների առկայությունը: Առաջին հարցի պարագայում կա միայն մի ուղի` գիտության ֆինանսավորման բարձրացումը (կամ դրամաշնորհային հիմնադրամների ավելացումը): Միջին սերնդի հարցի լուծումը տեսնում եմ PostDoc համակարգի ներդրմամբ (իհարկե նորմալ ֆինանսավորմամբ), իսկ սերնդափոխության հարցում, կարծում եմ, պետք է պարզապես 65-ն անց բոլոր գիտնականներին զրկել ադմինիստրատիվ լծակներից և պաշտոններից, իսկ ակադեմիական համակարգի բոլոր ինստիտուտներին ազատել ակադեմիային ենթարկվելու լծից և կցել համալսարանների համապատասխան ֆակուլտետներին (ամբիոններին):
– Ինչպե՞ս եք վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։ Արդյո՞ք գիտնականի միակ գործը չպետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը։
– Իհարկե, գիտնականը պետք է մտածի միայն իր գիտության մասին, սակայն դա չի ենթադրում, որ պետք է նրան տան հնարավոր նվազագույն աշխատավարձ ու ասեն՝ «դե սուս մնա ու գործովդ զբաղվի»: Չի կարելի գիտնականին դարձնել հասարակության ամենաաղքատ ներկայացուցիչը, դա հիվանդացնում է հասարակության արժեքային համակարգը: Երբ որ պետական համապատասխան մարմինները դա չեն հասկանում, կամ էլ ձևացնում են, թե չեն հասկանում, պետք է նրանց դա հուշել և բարձրաձայնել, որպեսզի իրենց համար դա չդառնա բնական: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ խոսքի ամենաազատ ամբիոնը` համացանցն օգտագործելն ամենաճիշտ մոտեցումն է:
– Տեսնո՞ւմ եք արդյոք վերջին տարիներին դրական միտումներ։
– Որոշ փոփոխություններ իհարկե կան, բայց նորից եմ կրկնում՝ նման ֆինանսավորման պայմաններում դրական առաջխաղացում չի գրանցվի, այլ կշարունակվի մեր լավագույն կադրերի միակողմանի արտահոսքը դեպի արտասահման:
– Ինչ կասեք. Կոռուպցիան տեղ գտե՞լ է նաև գիտական աշխարհում։
– Փառք Աստծո, ես դեռ նման իրավիճակների չեմ հանդիպել:
– Աշխատե՞լ եք արտասահմանում, որտե՞ղ։
– Ընդհանուր առմամբ 4 ամիս անցկացրել եմ Իտալիայի և Ֆրանիսայի գիտահետազոտական ինստիտուտներում (Պադովայի աստղադիտարանում և Փարիզի աստղաֆիզիկայի ինստիտուտում):
– Ի՞նչ հիմնական տարբերություններ կթվարկեք Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
– Հիմնական տարբերություններից կառանձնացնեմ այն, որ այնտեղ երիտասարդն աշխատում է հիմնականում իրենից ոչ շատ մեծ տարիքով սերնդի ներկայացուցիչների հետ և միմիայն կենտրոնացած է իր աշխատանքն իրականացնելու վրա, իսկ գիտական խմբերն էլ ավելի բազմամարդ են, և կա աշխատանքի հստակ բաժանում:
– Գիտական աշխարհում գենդերային խնդիր կա՞, սեռը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է գիտական կարիերայի վրա Հայաստանում կամ արտասահմանում։
– Գիտական աշխարհում մարդու սեռն իր գիտական կարիերայի վրա ազդեցություն չի ունենա, եթե չլինի դերերի կոնֆլիկտ: Այսինքն, եթե, օրինակ, կինն ունի երեխաներ և տնային այլ պարտականություններ, ապա նա չի կարող օրական տղամարդու չափ ժամանակ տրամադրել իր գիտական կարիերային, և, հետևաբար, գլոբալ առումով լինելով ազատ՝ անուղղակի կերպով նրա գիտական կարիերան տարբերվում է տղամարդու կարիերայից:
– Ինչպե՞ս եք վերաբերում հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգին և այդ համակարգի արագորեն ներդրմանը՝ Հայաստանում։
– Ես շատ դրական եմ վերաբերվում այդ համակարգի հնարավոր և անհրաժեշտ ներդրմանը Հայաստանում: Ամբողջ աշխարհում դա ակնհայտորեն դրական արդյունքներ է տալիս: Երբ երիտասարդը դառնում է գիտությունների թեկնածու, նրան միանգամից անժամկետ աշխատանքի ընդունելը նրան ավելի քիչ է մոտիվացնում լավ աշխատելուն, քան երբ որ իր հետագա աշխատանքը կախված է լինում մոտակա մի քանի տարիների աշխատանքի արդյունքներից:
– Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական հետագա աճը, թե՞ արտասահմանում։
– Այս հարցին այս պահին կդժվարանամ պատասխանել: Ամեն ինչ կախված է մոտակա մի քանի տարիներին կառավարության` գիտության նկատմամբ վերաբերմունքի հնարավոր փոփոխությունից: Եթե գիտության ֆինանսավորումը մնա այնպես ինչպես հիմա է (կամ լինի չնչին տարբերություն), ապա կնախընտրեմ աշխատել այնտեղ, որտեղ որ բացի աշխատանքիցս ուրիշ հոգսերով ստիպված չեմ լինի լցնել կյանքս:
– Ի՞նչ կկամենայիք մաղթել երիտասարդ գիտնականներին ու, ընդհանրապես, գիտական հանրությանը։
– Ես բոլոր գիտնականներին ցանկանում եմ բեղուն աշխատանքային տարի` լի բազմաթիվ ձեռքբերումներով:
.
Մանե Հակոբյան